Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Վահան Մարտիրոսյան ՀՀ վաստակավոր արտիստ
գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Հիմնադրվելով 1962 թվականին՝ նվագախումբը պետական կոլեկտիվի կարգավիճակ ստացավ միայն 1966-ին:
Նվագախմբի հիմնադրման, կայացման և թռիչքաձև զարգացման գործում անգնահատելի է նրա առաջին ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի դերը: Նրա անձի և անվան հետ են կապված նվագախմբի անհատական բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, երկացանկային հստակ դիրքորոշումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրի համերգասրահներում: Ստեղծված կայուն ավանդույթները յուրովի զարգացրին և հարստացրին նվագախմբի հաջորդ գեղարվեստական ղեկավարները` Կոստանդին Բաղդասարյանը` 1975-ից, Ռուբեն Ահարոնյանը` 1982-ից, Արամ Ղարաբեկյանը` 1997-ից: Վառ անհատականության և արտիստական խառնվածքի տեր այս երաժիշտներն իրենց նվիրված գործունեությամբ բնորոշեցին նվագախմբի անկրկնելի դեմքը:
Նվագախմբի անցած ուղին այսօր ներկայանում է որպես տաղանդավոր կոլեկտիվի ծանրակշիռ ներդրում Հայաստանում կամերային երաժշտության մշակույթի տարածման և արմատավորման գործում: Կոլեկտիվի հետ ելույթ են ունեցել Հայաստանի և արտերկրի լավագույն մենակատարներ, հյուրեկ դիրիժորներ: Նվագախմբի երկացանկում եվրոպական և ռուս կոմպոզիտորների բազմաժանր գործերի կողքին միշտ կարևորագույն տեղ է հատկացվել հայ երաժշտությանը: Կայացել են հայ կոմպոզիտորների տասնյակ գործերի պրեմիերաներ, կատարվել են արժեքավոր փոխադրումներ կամերային կազմի համար: Տարածում են ստացել ՀՊԿՆ ֆոնդային ձայնագրությունները, թողարկվել են ձայնասկավառակներ:
2011 թվականին ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր նշանակվեց Վահան Մարտիրոսյանը:
2013-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբըԱրամ Խաչատրյանի 110-ամյակի միջոցառումների շրջանակներումմասնակցեց մի շարք միջազգային փառատոների Ֆրանսիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: 2014-ին` կրկին հրավերներ ստանալով, նվագախումբը փայլուն ելույթներ ունեցավ Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում (այդ թվում Ժնևի ՎիկտորիաՀոլում Festival Puplinge-ի 5- րդտարեդարձիհոբելյանականեզրափակիչ համերգ) ` արժանանալով երաժշտասեր հանրության բարձր գնահատանքին:
2015-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրիշրջանակներում, ինչպես նաև 2016-2017 -ին ելույթներ է ունեցել «Cordes et Pics», «Puplinge Classique»
«Festivaldes Nuits Pianistiques» միջազգային փառատոներում: